ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հայաստանում հարցը լուծվելու է հեղափոխությամբ»

«Հայաստանում հարցը լուծվելու է հեղափոխությամբ»
13.06.2013 | 16:21

Irates.am-ի հարցերին պատասխանել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Ի՞նչ ունենք այսօր, երբ ավարտված են նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները: Ընդդիմադիր դաշտում ի՞նչ վիճակ է` Ձեր գնահատմամբ:
-Քաղաքական տեսակետից որևէ նոր բան չունենք, բայց քանի որ Հայաստանում իրավիճակն է ընդդիմադիր իշխանությանը, ոչ թե քաղաքական ուժերը, դրա համար էլ կյանքն իր ընթացքով գնում է առաջ: Հիմա հարցն արդեն քաղաքական ուժերի մեջ չի լինի, այլ հասարակության մեջ և հասարակական ընկալման արդյունքում, նկատի ունեմ գործողությունների միտումները: Իսկ քաղաքական ուժերը կարող են այդ միտումների վրա ազդեցություն ունենալ կամ չունենալ: Ես նշանակություն չէի տա հիմա, թե ինչ են անում ընդդիմադիրները: Խելոք ընդդիմադիրներն այդ ամենը նախապատրաստում են չերևացող դաշտում:
-Բայց անո՞ւմ են ինչ-որ բան, կարծեք` այնքան էլ չի երևում:
-Իհարկե, անում են: Չկա մի իրավիճակ քաղաքականության մեջ, երբ ինքն իրենով ինչ-որ բան ստեղծվի, անպայման ինչ-որ մի ընթացքի մեջ պատրաստվում է այդ ամենը, նախապատրաստվում են քաղաքական ինչ-ինչ երևույթներ: Այ, սա ընդդիմության աշխատանքի արդյունք է: Հայաստանում, ցավոք, 88-ից այս կողմ ընդդիմության գործողությունը, ինչ տիպի էլ լինի այդ ընդդիմությունը, բնորոշվում է հանրահավաքային ակտիվությամբ: Բայց հանրահավաքային ակտիվությունը պիկն է, պրոցեսի վերջը: Հիմա խելոք ընդդիմությունը նախապատրաստում է հասարակությանը ապագա գործողություններին: Դա արվում է տարբեր միջոցներով` անձնական հանդիպումներով, ֆեյսբուքի միջոցով և այլն:
-Ձեր կուսակցությունն ինչո՞ւ ակտիվ չէ, պարոն Կարապետյան:
-Ակտիվ է, բավականաչափ ակտիվ է:
-Ո՞Ւր է այդ ակտիվությունը, լրատվամիջոցներում, համենայն դեպս, դա չի երևում:
-Մենք չենք էլ աշխատում, որ երևա: Մեր ակտիվությունը մեր կուսակցական ակտիվի հետ աշխատանքում է, հասարակության հետ աշխատանքում, ինչն արվում է կուսակցական բջիջների միջոցով. նախապատրաստական բոլոր աշխատանքները միշտ կատարվում են, որոշակի առումով, չերևացող դաշտում: Այսինքն` ինչը երևա: Նախախորհրդարանը գնում, հանրահավաքներ է անում: Շատ լավ երևում է, որ նախախորհրդարանն ակտիվ է: Հանրահավաքների արդյունավետությունն ինչքա՞ն է: Կա՞ արդյունավետություն: Ամեն մեկն ընտրում է իր ճանապարհը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բերեց հասցրեց պիկին:
-Րաֆֆի Հովհաննիսյանը բերեց, իսկ ձեր կուսակցությունը չկար: Նախագահական ընտրություններում չկայիք, Երևանի ավագանու ընտրություններում չկայիք, ՏԻՄ ընտրություններում լինելո՞ւ եք:
-Ճիշտ եք, որովհետև Հայաստանում ընտրություններ չկան: Ոչ էլ ՏԻՄ ընտրություններին ենք մասնակցելու: Հայաստանում ընտրություններով հարց չի լուծվում:
-Իսկ ինչպե՞ս է լուծվում:
-Իմ տպավորությամբ` Հայաստանում հարցը լուծվելու է հեղափոխությամբ:
-Ո՞վ է անելու այդ հեղափոխությունը:
-Հասարակությունը մեզ հետ միասին:
-Ինչպե՞ս պիտի հասնել այդ հեղափոխությանը, ոնց որ թե ոչ մի կերպ չենք հասնում:
-Նախապատրաստելով` ռեալ, ոչ թե մտացածին նախապատրաստելով:
-Դուք մտածում եք` թե ինչ-որ քարոզչական աշխատանք կանեք և ժողովուրդը կգնա՞ հեղափոխության:
-Ոչ, քարոզչական աշխատանքն էտապներից մեկն է: Հեղափոխություն անելու համար անպայմանորեն չորս անհրաժեշտ պայման է պետք: Առաջինը օբյեկտիվ դժվարություններն են, իրավիճակը: Սա Հայաստանում արդեն հասունանում է: Երկրորդը` նվիրյալների խումբն է, բանակը, որը պատրաստ է դրա համար գնալու որոշակի գործողությունների: Երրորդը` հասարակության պատրաստվածությունն է այդ պահին դրան գնալու, և չորրորդը` քաղաքական պահը: Այս չորս նախադրյալների համընկնելու պարագայում հեղափոխությունը ստացվում է: Առաջինը կախված է շատ գործոններից: Օբյեկտիվ դժվարությունները միայն գազի թանկացումը չէ: Դա արտաքին ու ներքին շատ մարտահրավերների համընկնելն է: Հարցեր բարձրացնելը հասարակության խնդիրն է, քաղաքական ուժերի խնդիրը չէ միայն: Քաղաքական ուժերը պետք է կարողանան կատարել հետևյալը` ունենան գործողությունների համապատասխան ծրագիր:
-Իսկ ինչո՞վ պետք է երևա, որ այդ քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր դաշտում են գործում, ակտիվ են, նրանց վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ:
-Ձեր ասածը շատ ուզում է իշխանությունը: Իշխանությունն ասում է` ես իշխանություն եմ, այս հարցին չմոտենաք, և դուք, որպես քաղաքական ուժեր, բարձրացրեք բոլոր խրթին հարցերը, իսկ ես կմտածեմ ձեր բարձրացրած խրթին հարցերին ինչպիսի լուծում տալ, որոշ դեպքերում կծաղրեմ, կընդունեմ, որոշ դեպքերում` կտեսնեմ, որ շատ է համը դուրս գալիս, Սուրիկ Խաչատրյանին գործից կհանեմ: Իշխանությունը հիմա մեզնից ուզում է ակտիվություն, որովհետև այդ ակտիվությունը հասարակության մեջ բերում է որոշակի իլյուզիայի, թե գործում է ընդդիմություն, թե հարցերը լուծել կարելի է: Էս իլյուզիաներից պետք է դուրս գալ: Իմ տեսակետից ընդդիմությունը խելացի դիրքորոշում է ընդունել, դրա համար շատ ներվային է իշխանությունը: Ընդդիմությունը պրակտիկորեն հասարակական-քաղաքական կյանքում իր դերը համարյա զրոյացրել է ու շատ էլ ճիշտ է արել: Քանի՞ ընտրություն ենք անցել: Եթե որևէ մեկը կասի, որ ընտրություններն անցել են հալալ ու զուլալ, հանրապետական կուսակցությունը 68 տոկոս և ավելի ձայն ունի, և բոլոր այս ընտրությունները անցել են ճշմարիտ, ուրեմն այդ ընդդիմությունը պիտի տուն գնա: Եթե այդպես չէ, իսկ բոլորս գիտենք, որ այդպես չէ, դուրս է գալիս, որ ընդդիմությունը սիզիփոսյան աշխատանք է կատարում, պատրաստում է, գալիս է քաղաքական հանգուցալուծման կետը, իշխանությունը բիրտ, կոպիտ, ամենավերջին ստորացուցիչ հանգամանքներում ընդդիմության հարցերը լուծում, գնում է տուն: Եթե Դուք գիտեք այլ ձև այս վիճակից դուրս գալու, քան հեղափոխությունը, ասեք:
-Շատ են հնչում կարծիքներ, թե մեր ժողովուրդը չի գնում հեղափոխության:
-Դա էլ է իշխանության հրապարակ նետած տեսակետը: 1988-ին հայ ժողովուրդն առաջինը ԽՍՀՄ-ում ապստամբեց: Ավելին` 2008-ին նույն բանն էր: Հիմա Թուրքիայում էլ նույն բանն է, վերածվեց գաղափարական պայքարի և շարունակվում է, բայց այնտեղ դեռ չեն կրակել, չէ, ժողովրդի վրա, իսկ մեզ մոտ կրակել են: Այսինքն` 2008-ին հեղափոխության փորձ էր:
-Իսկ արտագա՞ղթը: Տեսակետ կա, որ բնակչության թվի նվազման հետ երկրում փոփոխությունների հավանականությունը պակասում է:
-Վստահեցնում եմ` այնքան, որքան պետք է մնալ անելու համար, այնքան մնալու է: Եվ հետո` հեղափոխությունները չեն լինում միայն ժողովրդի քանակով:


Հարցազրույցը` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 2166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ